Իտալիան դիմել է Հայաստանի Հանրապետությանը՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման կազմում հայ խաղաղապահների թիվն ավելացնելու խնդրով: Այս հարցը կլինի Հռոմում ապրիլի 8-ին պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հանդիպման օրակարգում: Այս մասին ապրիլի 8-ին Հռոմ ժամանած լրագորղներին տեղեկացրեց Իտալիաում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: «Հայ-իտալական քաղաքական երկխոսությանն ավելացել է ևս մեկ ուղղություն: Հարավային Լիբանանում իտալական ուժերի կազմում առաքելություն են իրականացնում նաև հայ խաղաղապահները: Հայերի մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը մեծապես գնահատվում է Իտալիայի կողմից: Այդ է պատճառը, որ իտալական կողմը դիմել է Հայաստանին՝ անձնակազմը մեծացնելու խնդրով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպան Ղազարյանը: ՀՀ Նախագահի եւ Իտալիայի պաշտպանության նախարարի հանդիպմա նը կհաջորդի տեսակոնֆերանս՝ Լիբանանում գտնող հայ եւ իտալացի զինծառայողների հետ:

 

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Լուսանկարը' ՊՆ կայքից