Թուրքիայի քաղաքական կուսակցությունները հստակեցրել են հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իրենց թեկնածուների ցուցակները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ իշխող' «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված ցուցակը գլխավորում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորները' նրա փեսան' Բերաթ Ալբայրաքը, անձնական խորհրդական Մուստաֆա Վարանքի ազգական Ֆաթմա Վարանքը, բանտարկության մեջ գտնվելու ժամանակ եւ դժվար օրերին իր կողքին եղած Այդըն Ունալը, իր փաստաբան Ալի Օզքայան, վարչապետության ժամանակաշրջանում իր մամուլի ծառայության պատասխանատու Ջամալեդդին Հաշիմիի հայրը' Հաշիմ Հաշիմին, իր նախկին խորհրդական Էրթան Այդընը, Թուրքական համագործակցության եւ զարգացման գործակալության (TIKA) նախագահ Սարդար Չամի կինը' Լութֆիե Սելվա Չամը, Էրդողանի վարչապետության ժամանակաշրջանում Ֆինանսների նախարարության խորհրդական Նաջի Աղբալը, AKP-ի քարոզչական երգերի կատարող Ուղուր Ըշըլաքը, Էրդողանի ամենամոտ խորհրդատուներից Յալչըն Աքդողանը, Էմրուլլահ Իշլերը, Էրդողանի փակ հանդիպումներում թարգմանիչ Չաղաթայ Քըլըչը, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան, Էրդողանի գլխավ որ խորհրդական Նաբի Ավջըն:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրական 10- տոկոսանոց շեմը հաղթահարելու ունակ 4 կուսակցությունները' ԱԶԿ-ն, Ժողովրդահանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդական' Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները ԿԸՀ ներկայացրած իրենց ցուցակներում ընդգրկել են ծագումով հայ մեկական թեկնածուի: