Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' ապրիլի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

 

«Հարգելի պարոն Գուստ,

 

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը:

 

Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:

 

Շնորհակալություն Ձեր կատարած ծավալուն աշխատանքի և ցուցաբերած հստակ դիրքորոշման համար:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»: