Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատում է, ընդունում է առաջարկներ, երբ պատրաստ կլինի վերջնական տեքստը, այն կդրվի շրջանառության մեջ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Թե երբ պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը, կախված է քննարկումներից: Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կլինի աշնանը կամ գարնանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ նախագահը:

 

 

Հարցին՝ ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է հրաժարվել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նախաձեռնությունից, Սահակյանը բացասակակն պատասխան տվեց. «Ոչ, իսկ ինչո՞ւ պետք է հրաժարվենք»:

 

 

Դիտարկմանը, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին և ընդեգծել, որ դրա կարիքը Հայաստանում չկա, Սահակյանը շեշտեց, որ Հայաստանն ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայելու հարցում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ վերջնական խոսքը մնում է միայն ժողովրդին՝ նկատելով, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր վերջնական խոսքը ժողովուրդը կասի հանրաքվեի միջոցով: