Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի' Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը' մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը:

 

 

«Ռուսաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնեց նա:

 

 

Հիշեցնենք, որ ռուսական և հայկական որոշ լրատվամիջոցներ ապրիլի 9-ին շրջանառել են այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: