Հայ-իտալական մշակութային կապերն ամուր հիմքերի վրա են և դարերի պատմություն ունեն: Թե՛ Հայաստանում և թե՛ Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը հանրությանը երկու երկրների բազմադարյա մշակույթին ծանոթացնելն է և երկու երկրների բարեկամությունը վերահաստատելը: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին Իտալիայում է, և նրա այցը նույնպես կամրապնդի հայ-իտալական մշակութային հարաբերությունները:

 

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով երկկողմ մշակութային կապերի մասին՝ նշեց, որ հայ-իտալական մշակութային համագործակցության հիմքում ընկած է համաձայնագիր, որը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև և ընդգրկում է մշակույթի, կրթության և գիտության բնագավառները: Համաձայնագիրը ստորագրվել է 2005 թվականին, դրանից հետո պարբերաբար թարմացվել է:

 

«Եթե մենք փորձենք տեսնել, թե ինչ համագործակցություն ունենք յուրաքանչյուր ոլորտում, ապա առաջին տեղում կարող ենք նշել, որ բավականին ակտիվ և արդյունավետ համագործակցում ենք հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության խնդիրների կանոնակարգման մասով: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իտալիան հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի: Այս տեսանկյունից մեզ և իտալական կողմի համար անչափ կարևոր էր 2011 թվականին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունից Հայաստանին տրամադրված դրամաշնորհային ծրագիրը, որը հենց ուղղված էր մշակութայի ն ժառանգության ոլորտի մասնագետների պատրաստմանը և մշակութային ժառանգության վերականգնմանը Հայաստանում»,-նշեց Սվետլանա Սահակյանը: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում մի շարք աշխատանքներ են կատարվել, իսկ իտալացի մասնագետները վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել:

 

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետն առանձնակի կարևոր է համարում երկկողմ համագործակցությունը գրականության և երաժշտարվեստի բնագավառներում: «Բավականին ակտիվ են շփումները, նախարարությունը մեծ տեղ է հատկացնում գրական-թարգմանական նախագծերի իրականացմանը, կինոարտարդությանը, երաժշտական, փառատոնային ծրագրերին: Ծրագրերն իրականացվում են ոչ միայն երկու դեսպանությունների անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ, այլև Իտալիայում գործող տարբեր հայկական մշակութային կենտրոնների կամ կազմակերպությունների շնորհիվ&raq uo;,-ընգդծեց Սվետլանա Սահակյանը:

 

Խոսելով թատերական ոլորտում համագործակցության մասին՝ մասնագետն առաջին հերթին հիշատակում է երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանի համատեղ թատերական նախագծերը:

 

«Այս տարի ևս հետաքրքիր նախագիծ ունենք: Կոստան Զարյանի «Գա­րունը» ստեղծագործության հիման վրա՝ Պադովայի «Թերեպիա» և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը համատեղ թատերական նախագիծ կիրականացնեն: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս ամենը տեղի կունենա այս տարվա ամռանը»,-հավելեց Սվետլանա Սահակյանը:

 

Արտաքին կապերի վարչության պետը փաստում է՝բավականին ակտիվ երկկողմ համագործակցություն է առկա բիենալեների ձևաչափով. Հայաստանը գրեթե միշտ մասնակցում է Վենետիկի բիենալեին, իսկ նախորդ տարի մասնակցել է նաև Պեստում քաղաքում տեղի ունեցած ճարտարապետական բիենալեին: «Այս տարի Վենետիկի բիենալեի մեր մասանկցությունն իր մեջ ներառելու է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող հատված: Նեկայացվելու է Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի մշակույթը»,-հավելեց նա:

 

Անդրադառնալով Հայաստանի և Իտալիայի համագործակցությանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում , Սվետլանա Սահակյանը կարևորեց Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում մարտի 5-ին բացված «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը՝ հավելելով, որ երկու երկրներում մշտապես կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ: «Բավականին պատասխանատու և դժվար է հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրում ներկայացնել սեփական, ոչ պակաս հարուստ ու հետաքրքիր ժառանգությ ունը: Իտալական մշակութասեր հանրությունը հետաքրքրվված է հայկական մշակույթով»,-համոզված է նա:

 

Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Իտալիայում բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ են իրականացվելու: «Հայաստանյան հեղինակավոր կոլեկտիվներն Իտալիայում հանդես կգան համերգներով: Իտալիայում անց է կացվելու «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի երեկոն, որին մասնակցելու են իտալական նշանավոր արտիստներ: Իտալիայի մի շարք քաղաքաներում մայիսին իր ելույթներով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: 2015 թվականի ընթացքում այնտեղ ելույթներով հանդես կգան նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» սեպտետը: Նախատեսվում է նաև մեծ համերգ Դուոմո տաճարում. հոգևոր երաժշտություն կհնչի: Ընդհանուր առմամբ, հայ-իտալական մշակութային կապերն իսկապես ոչ միայն լավ զարգանում են, այլև ունեն լավ ապագա»,- եզրափակեց ՀՀ մշակույթի նախարարության Արտաքին կապերի վարչության պետը:

 

Հայերի բնակության մասին Հռոմում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. I դարից։ Մ.թ. 65 թվականին հայոց թագավոր Տրդատ Ա-ն այցելել է (շուրջ 3 հազարանոց շքախմբով) Հռոմ և թագադրվել Ներոն կայսրի կողմից։ 7-րդ դարում Հռոմում եղել է հայկական վանք, որի աբբա աղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարում՝ հայկական եկեղեցի։ Հռոմում եղել է հայկական թաղամաս։