Ռումինիայի Թըրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում ապրիլի 7-9-ը անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը նվիրված գիտամշակութային միջոցառումների շարք:

 

Թըրգու Մուրեշի «Պետրու Մայոր» համալսարանի, Ռումինական Ակադեմիայի «Գեորգե Շինկայ» հետազոտական ինստիտուտի և տեղի Հունգարահայ մշակութային միության կազմակերպմամբ ապրիլի 7-ին տեղի է ունեցել գիտական նիստ՝ «Հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը. պատմական փոխառնչություններ» թեմայով: Միջոցառումների շարքը շարունակվել է ապրիլի 8-ին և 9-ին Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում, ուր «Բաբեշ-Բոյայ» համալսարանի Հայագիտության ինստիտուտը, Ռումինիայում ՀՀ դեսպանության և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ, «Հայկական մշակութային ուղենիշներ» խորագրի ներքո ներկայացրել է բազմազան և հագեցած ծրագիր:

 

Միջոցառումների առանցքը Հայոց ցեղասպանության թեման էր: Գիտական նիստերին Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնական զեկուցումներով հանդես է եկել «Մոդուս Վիվենդի» հաստատության տնօրեն Արա Պապյանը և «Բաբեշ-Բոյայ» համալսարանի, ինչպես նաև Իսրայելի և այլ երկրների համալսարանների հրավիրյալ դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մայքլ Շաֆիրը: Հարակից զեկուցումներով հանդես է եկել նաև Թըրգու Մուրեշի և Կլուժի այլ համալսարանականներ և հետազոտողներ: Արդի միջազգային և հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանությա ն և հատկապես նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ ելույթներ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Կլուժի «Բաբեշ-Բոյայ» համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը: Հայ ժողովրդին և Հայաստանին իր լիակատար համերաշխությունը հայտնել է Կլուժ-Նապոկայի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը:

 

Միջոցառումների շարքում ապրիլի 8-ի երեկոյան Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում բացվել է տրանսիլվանահայ հայտնի նկարիչ Միկլոշ Յակոբովիչի հետմահու ցուցահանդեսը, «Flauto Dolce» անսամբլը կատարել է հայ երաժշտական գանձարանից ընտրանի, ներկայացվել են Թաներ Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը», «Բռնաբարված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքերի ռումիներեն հրատարակությունները, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հունգարերեն հրատարակությունը և վեպի թեմանե րով «Երբ մահը ուշ է գալիս» ու «Շշուկների ուղիով» ֆիլմերը:

 

Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են ռումինական լրատվամիջոցներով: Ռումինական «TVR3» հեռուստատեսությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ հաղորդաշարը սկսել էր դեսպան Համլետ Գասպարյանի հետ հարցազրույցով: