Կոտայքի մարզում արդեն մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2015 թ. ծրագիրը, որի շրջանակներում 3000 մեծահասակներ և 1500 երեխաներ արդեն անցել են անվճար ակնային զննումներ։ Մարտի 30-ից ապրիլի 4-ը Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Եղվարդ քաղաքում և զննումների արդյունքում խորացված հետազոտության և հետագա միջամտության կարիք ունեցողներն այցելել են հիվանդանոց ու ստացել անվճար բուժօգնություն։

 

Աչքի շարժական հիվանդանոցը ներկայումս Աբովյան քաղաքում է և այստեղ կմնա միչև ապրիլի 18-ը, հաջորդ կայանը կլինի Հրազդան քաղաքը՝ ապրիլի 20-ից մայիսի 8-ը։ Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Աչքի շարժական հիվանդանոց են այցելել Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները:

 

 

«Մեր գործըկերների հետ համատեղ «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում ենք արդեն 5-րդ տարին անընդմեջ: Թեև այս ընթացքում ավելի քան 67 000 մարդ հասցրել է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից՝ ցավոք, դեռևս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ և այս ծրագիրը շարունակելու կարիք կա, ինչը պատրաստվում ենք իրականացնել», - ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 

«Սա Աչքի շարժական հիվանդանոցի թվով 2-րդ ացն է Կոտայքի մարզ Orange Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, որի ընթացքում պլանավորվում է իրականացնել 450 խորացված հետազոտություն, 250 լազերային միջամտություն կամ վիրահատություն, ինչպես նաև կտրամադրվեն 100 ակնոցներ մեծահասակներին և 170 երեխաներին։ ԱՇՀ-ի հաջորդ կայանը կլինի Լոռու մարզը» - նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

 

Աչքի շարժական հիվանդանոցը նախորդ անգամ Կոտայքի մարզ այցելել է 2013թ.-ին:

 

ՀԱՆ-ը իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շնորհիվ ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա ակնային զննումներ են անցել, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Կոտայքի և Լոռու մարզում այս տարի կիրականցվի կրկնակի այցելություն, իսկ Շիրակի և Արագածոտնի մարզ աչքի շարժական հիվանդանոցը կայցելի երրորդ անգամ: