ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 07-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 1.63 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 256.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված երեք դեպքով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 554 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ վարչական վարույթ ընթացքի մեջ է:

 

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում նույնատիպ խախտման համար կայացվել է 150 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 393.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349.86 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

 

Երևանի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 16 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն-ինտերնատ»: Ոստիկանության կողմից Սյունիքի բաժնին հանձնված 127 հատ «սիգ» տեսակի ձկան ապօրինի որսի գործով հաշվարկվել է 635 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 մլն դրամ: