Երևանի բնակիչ Էդվարդ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական տեղեկատվական համակարգից:

 

Մխիթարյանը, հաղթելով Երևանի քաղաքապետարանի հայտարարված «Մանկապարտեզների հավի նիս մատակարարելու» մրցույթում, 2014թվականի հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն:

 

Մատակարարման ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս' այն մշակվել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով:

 

Այսպիսով, 2014թվականի ընթացքում Էդվարդ Մխիթարյանը Նոր Նորք վարչական շրջանի № 101, 116, 118 մանկապարտեզներին մատակարարել է 98 հազար 750 դրամ ընդհանուր արժողությամբ և ՀՀ Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս:

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք:

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը Էդվարդ Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: