Արարատի մարզպետարանը նախորդ տարվա օգոստոսի 1-ից մինչեւ ապրիլ ՌԴ մուտքի արգելք ունեցող Արարատի մարզի ՀՀ քաղաքացիներից ստացել է 241 դիմում, որոնք խնդրում են հանել իրենց՝ ՌԴ մուտքի արգելքը: Դիմումներն ստանում է մարզպետարանը, այնուհետեւ ուղարկում ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն, որից հետո' ՌԴ:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանն ասաց, որ ընթացք է տրվում այն մարդկանց դիմումներին, ովքեր շեշտում են, օրինակ, ընտանիքի անջատված լինելու, ուսումը ՌԴ բուհերում կիսատ թողնելու, ՌԴ-ում բուժումը կամ ընտանիքի տարեց կամ հաշմանդամ անդամի խնամքի կազմակերպման հանգամանքները: Միրզոյանն ընդգծեց, որ այդ ամենն անհրաժեշտ է ամրագրել փաստերով: Դիմումին պետք է կցել հիմնավորող փաստաթղթեր. ուսանողական տոմս, ՌԴ-ում բուժման անհրաժ եշտության մասին փաստաթուղթ, ընտանիքի ՌԴ քաղաքացի համարվող անդամի եւ նրա անձնագրի պատճենը: Եթե անձը հանդիսանում է ՌԴ-ի օրենսդրության համապատասխան գրանցված ձեռնարկությունների եւ կազմակերպությունների հիմնադիր կամ սեփականատեր, դիմումին պետք է կցի նաեւ ՌԴ ձեռնարկությունների ռեգիստրում եւ հարկային մարմիններում հաշվառման փաստաթղթերի պատճեները: Եթե անձն ունի ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն' հարկ է կցել նաեւ այդ փաստաթղթերը:

 

Միրզոյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների դիմումներով զբաղվող մարզպետարանների աշխատակիցների համար ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոսն պետական ծառայությունում անց է կացվել ուսուցում, որի ժամանակ ներկայացվել է նաեւ ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների հաղորդման աղյուսակային ձեւը, ինչը հնարավրություն կտա ապահովել միասնական մոտեցում եւ տվյալների բազա:

 

Անդրադառնալով այն անձանց, ովքեր հայտնվել են այդ իրավիճակում, բաժնի պետը նշեց, որ նրանց հետ ունեցած զրույցներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ այդ իրավիճակում են հայտնվել օրենքի եւ ռուսաց լեզվի չիմացության, իրենց փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքի /այլ անձանց ձեռքում հայտնվելու/, որոշ վճարումներ չնչին ժամկետով ուշացնելու պատճառով: « Քիչ չեն նաեւ անհատները, ովքեր, գումար վաստակելու ձգտումից բացի, շտապում են օր առաջ ՌԴ-ում հայտնվել' այնտեղ կին եւ երեխաներ ունենալու պատճառով»,-նկատեց Միրզոյանը:

Լիլիթ Մաճկալյան