Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժինը հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» նավթագազային հանքահորերի համալիրում էներգակիրների արդյունահանումից հիմնադրամի ստացած եկամուտը կազմել է 2 մլրդ 65 մլն դոլար, ինչը նշանակում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հիմնադրամի ստացած եկամուտը 1 մլրդ 821 մլն դոլարով կամ 46,86 տոկոսով նվազել է:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը: Նշվում է, որ խիստ նվազել է նաեւ Ադրբեջանի «Շահդենիզ» հանքահորից արդյունահանվող էներգակիրներից Հիմնադրամի ստացած եկամուտի ծավալը: Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում «Շահդենիզ» հանքահորից Հիմնադրամը 79,5 մլն դոլար եկամուտ է ստացել: Անցյալ տարվա նույն ամիսների ընթացքում այդ հանքահորից Հիմնադրամի ստացած եկամուտը կազմել էր 115,6 մլն դոլար:

 

 

Ադրբեջանի նավթային եկամուտները վերջին երեք ամիսների ընթացքում 4-5 մլրդ դոլարով պակասել են: Դա պայմանավորված է նավթի համաշխարհային գների գերանկման հետ: Ներկայում ադրբեջանական նավթի գինը մեկ բարելի դիմաց աննախադեպ նվազել է եւ հասել մեկ բարելի դիմաց 49 դոլարի:

 

 

Ադրբեջանցի փորձագետների կանխատեսմամբ' եթե նավթի համաշխարհային գները առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում շարունակեն մնալ մեկ բարելի դիմաց 50-55 դոլարի սահմաններում, ապա Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի արտարժույթի պահուստը մինչեւ 2017 թվականն ամբողջությամբ կսպառվի:

 

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 41 դոլարով ցածր է: