Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը պատմական կլինի նաև իր հետևանքների տեսանկյունից: Այս մասին պատարագից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Շատ կարևոր պատմական նշանակություն ունի այս պատարագը:

 

 

Այն շատ մեծ դեր կունենա հետագայում: Պատմական իրադարձություն էր, հայ ժողովրդի բոլոր հատվածները արտահայտեցին իրենց կարծիքը Ցեղապանության մասին, ինչպես նաև Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հստակ ձևակերպում տվեց՝ «գենոցիդ»: Աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից սա մեծ նշանակություն ունեցող փաստ է»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

 

 

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն էլ կարևորեց այն փաստի արծարծումը, որ Հայոց ցեղասպանությունն իրագործվել է շուրջ 20 տարվա ընթացքում: «Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք վերջապես եկանք այն եզրակացության, թե Ցեղասպանությունը չի եղել միայն 1915-ին, այլ 1893-1923 թվականներին: Դա արդեն հազար անգամ ասվեց այս օրերին, դա շատ կարևոր է»,- ընդգծեց Զորի Բալայանը: Նա նաև ուրախ էր պատարագի ընթացքում տեսնել եկեղեցական ուղղությունների միասնականությունը: «Մենք եղբայրներ պետք է լինենք, պառակտում չի լինի մեր մեջ»,- նշեց գրողը:

 

 

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա են ՀՀ Նախագահ Ս երժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: