«Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած բանակցություններում հավաստել են Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարեÕ ¬ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նրա ելույթից ապրիլի 14-ին մեջբերումներ Է արել ՌԻԱ Նովոստին:

 

«Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարվեն դրանց ամբողջ ծավալով, ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար առումով»,- ընդգծել է Լավրովը:

 

Նա նշել է, որ թե ինքը, թե իր գործընկերներն անհանգստություն են հայտնել Կիեւի կողմից Դոնբասի շարունակվող տնտեսական շրջափակման կապակցությամբ: Բանակցությունների մասնակիցները պաշտպանել են հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի առաքելության մշտական ներկայության գաղափարը եւ կոչ են արել կազմակերպությանը՝ ավելի ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը:

 

Դրա հետ մեկտեղ հանդիպմանը չի քննարկվել խաղաղապահ զորակազմ մտցնելու հարցը: Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշատակել է այդ մասին, բայց թեման զարգացում չի ստացել:

 

Նախարարները պայմանավորվել են քննարկել տանկերի եւ հարյուր միլիմետրից պակաս տրամաչափի սպառազինությունների հետքաշումը: Բացի այդ, պայմանավորվածությունների իրագործման աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվելու է չորս ենթախումբ:

 

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Պավել Կլիմկինի բանակցությունները ապրիլի 13-ին տեղի են ունեցել Բեռլինում: