Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվել է քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը:

 

Միջոցառմանը մասնակցել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրող ներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դևեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

 

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունն է հայտնել Անտոնի քաղաքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», - նշել է դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին: