Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կայցելի 2016 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: «Պապը Հայաստան է այցելելու, անշուշտ, բայց ոչ թե ապրիլի 24-ին, այլ 2016 թվականին: Մենք չենք հրավիրել նրան հենց ապրիլի 24-ին, դա սխալ ինֆորմացիա է: Եկեղեցին հրավիրել է 2015-ին իրեն հարմար պահի, բայց պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան ու կհարգի մեր ժողովրդին: Նա հաստատ այցելելու է Հայասան, նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին, երբ ժամանակը գա»,-ասաց Հովակիմ Սրբազանը:

 

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ' հայերի հետ կատարվածն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ը նթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: