Եթե նավթի համաշխարհային գների անկման հետ կապված Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի էժանացման միտումը շարունակվի, ապա Ադրբեջանի կենտրոնական բանկն առաջիկա մեկ տարում կկորցնի արտարժույթի իր բոլոր պաշարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Fineko գործակալությունը, այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է պատգամավոր Վահիդ Ահմեդովը:

 

Նա ասել է, որ խիստ անհանգստացնող է այն, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ԿԲ-ում արտարժույթի պահուստը 15 մլրդ դոլարից կրճատվել է 9 մլրդ դոլարի:

 

Պատգամավորը Ադրբեջանի ԿԲ-ին առաջարկել է անցնել մանաթի «լողացող արժեզրկման» գործընթացի:

 

«Եթե նման միտումը շարունակվի, ապա առաջիկա ամիսներին Կենտրոնական բանկն ամբողջությամբ կկորցնի արտարժույթի իր պաշարը: ԿԲ-ը պետք է ամբողջությամբ վերանայի եւ փոխարժեքի նոր քաղաքականություն ընդունի, քանի որ արդեն ֆինանսների զանգվածային արտահոսք է սկսվել: Կենտորանական բանկը պետք է անցնի մանաթի լողացող արժեզրկման», -ասել է ադրբեջանցի պատգամավորը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ վերջին երեք ամիսներին մանաթի 34,6 տոկոսով արժեզրկման հետ կապված Ադրբեջանի բնակչությունը հանում է բանկերում արտարժույթով ունեցած իր խնայողությունները եւ տեղափոխում արտերկիր, ինչի պատճառով մեծ թվով ադրբեջանական ազգային բանկեր կանգնել են սնանկացման շեմին:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: