Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

 


Վարչապետը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքից և կարևորել կառույցի աջակցությամբ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

 


Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հետագա գործակցության ուղղությունները:

 

 

Հաջորդիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: