Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը և Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում հանձնելը համամարդկային և համաքրիստոնեական նշանակություն ունեցող իրադարձություն է համարում: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիմանը քաղաքագետն ընդգծեց, որ այս իրադարձության մասշտաբայնությունը իրականում այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում։ Այն շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Այն ոչ թե ուղղակի Հայոց ցեղասպանության ճանաչում էր, այլ համընդհանուր հումանիտար նշանակության իրադարձություն:

 

«Հռոմի պապը Հայաստանը, հայկական մշակույթը, հայկական հոգևոր ժառանգությունը ընդգրկեց համաշխարհային քրիստոնեական եկեղեցու շրջանակներ։ Այն, ինչ նա խոսեց «Նարեկի» մասին, չի մոռացվի նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո։ Նարեկացին դարձավ Կաթոլիկ եկեղեցու ո ւսուցիչներից մեկը, որոնց թիվը ամբողջ քրիստոնեության պատմության տարիներին եղել են մոտ 40-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իսկանդարյանը:

 

Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ Վատիկանում Հայաստանը ներկայացվեց որպես քրիստոնեության հայրենիքներից մեկը՝ որպես համաշխարհային եկեղեցու անդամ, ինչը ևս շատ կարևոր է։ «Պետք է հասկանալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կանցնի, բայց այս իրադարձության նշանակությունը կմնա։ Սա ոչ թե պարզապես իրադարձություն էր ապրիլի 24-ին ընդառաջ, այլ շատ ավելի երկար, երկարաժամկետ նշանակության իրադարձություն էր»,-նշեց նա։

 

Հարցին, թե այս իրադարձությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների վրա, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ չի կարծում, թե քաղաքական գործընթացները կտրուկ փոխվելու են. «Սակայն ես այն կարծիքին եմ, որ սա շատ ավելի խոշոր նշանակություն ունի, որովհետև աշխարհում կան միլիարդից ավելի կաթոլիկներ, որոնց վրա այս ամենը լուրջ ազդեցություն կունենա»,- ասաց քաղաքագետը:

 

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: