Ամերիկյան Gravity Payments ընկերության ղեկավար եւ հիմնադիր Դեն Փրայսն իր տարեկան աշխատավարձը կրճատել Է 93 տոկոսով՝ 1 միլիոն դոլարից մինչեւ 70 հազար դոլար՝ հանուն այն բանի, որ բարձրացնի ենթակաների աշխատավարձը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Huffington Post-ին:

 

Ավելի վաղ 30-ամյա Փրայսի աշխատակիցները միջին հաշվով տարեկան ստանում Էին շուրջ 48 հազար դոլար: Ձեռնարկատերը որոշում Է ընդունել բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել մինչեւ 70 հազար դոլար:

 

Ինչպես նշում Է հրատարակությունը, այս նպատակն իրագործելու համար Gravity Payments-ի սեփականատերն ստիպված Է եղել ոչ միայն զգալիորեն նվազեցնել սեփական եկամուտը, այլեւ ընկերության տարեկան շահույթի մեծ մասը ծախսել ենթակաների բարձրացված աշխատավարձը վճարելու համար: Երեք տարի Փրայսը ոչ միայն աշխատավարձը կստանա կրճատված ծավալով, այլեւ իր 70 առավել ցածր վճարվող աշխատակիցների միջեւ կբաժանի զուտ շահույթի 75-80 տոկոսը (տարեկան շուրջ 2,2 մլն դոլար):

 

Փրայսին ձանձրացել Էր լսել, թե ինչպես են աշխատողները գանգատվում իրենց ֆինանսական ծանր վիճակից: Բացի այդ, նա ընթերցել Էր հոդված, որում ասվում Էր, որ շատ փողը երջանկություն չի բերում, բայց դրա անբավարարությունը, ընդհակառակը, մարդկանց դժբախտ Է դարձնում: Այս գիտական աշխատության հեղինակները՝ Դանիել Կանեմանը եւ տնտեսագետ Անգուս Դիթոնը, պնդում են, որ կյանքից բավարարվածության զգացողություն ունենալու համար աշխատավարձի օպտիմալ չափը տարեկան մոտավորապես 70 հազար դոլարն Է:

 

Վաշինգտոնում հաստատված Gravity Payments ընկերությունը զբաղվում Է բանկային վճարումներով: Դեն Փրայսն այն հիմնել Է 2004 թվականին, երբ 19 տարեկան Էր: Այժմ ընկերությունում աշխատում Է շուրջ 120 մարդ: