Փետրվարի 1-ին մինչ լրատվական դաշտը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում էր, ուր գտնվում է մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ և ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, և գրեթե բոլոր քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները իրենց պարտքը համարեցին մտնել վերակենդանացման բաժանմունք և սեղմել վիրահատարանից նոր դուրս եկած Պարույր Հայրիկյանի ձեռքը' հրապարակային կարծիքներ հայտնելով, Ավանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 1/1 տանը սուգ էր. սպասում էին նույն օրը հրազենային կրակոցից մահացած ժամկետային զինծառայող 22-ամյա Վարդան Ավագյանի դիակին:

Մենակ էին սպասում, նրանց կողքին հրապարակային դեմքերից ոչ ոք չկար: Զինվորի տուն այցելել էր երկու լրատվամիջոց: Հաղորդագրությամբ ցավակցել էր Պաշտպանության նախարարությունը, սակայն մեր այցելության պահին զինվորի տուն դեռ ոչ ոք չէր եկել նախարարությունից:

Նախօրեին նախագահի թեկնածուի դեմ մահափորձից մեկ ժամ առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Քարվաճառի Չոփռլու գյուղի զորամասում. կապի վաշտի զինանոցում հրազենային վնասվածքից մահացել էր 22-ամյա զինծառայող, գյուղակադեմիայի շրջանավարտ Վարդան Ավագյանը: Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարություն տարածել, թե նախնական տվյալներով, Վարդանն ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել: Պատճառների մասին ոչ մի խոսք:

Վարդանի մայրը երեկ ի վիճակի չէր խոսել, որևէ բան ասել. անցած գարնանը առողջ որդուն ճանապարհել էր բանակ ու հիմա սպասում էր նրա դիակին: Հարազատների շրջանում հնչում էր հարցը' ինչո՞ւ, ի՞նչ պատճառով կարող էր նման բան լինել, ու որևէ պատասխան, հնարավոր վարկած չկար:

Նրանց խոսքերով, Վարդանը զուսպ, հավասարակշռված տղա էր: Մեզ հետ զրուցած հարազատները չէին հավատում, որ Վարդանն ինքնասպան է եղել. «Դեպքի նախորդ օրը Վարդանը, զանգել, խոսել է հորեղբոր տղայի և ընկերոջ հետ: Ասել է, որ պատվոգիր է ստացել լավ ծառայության համար, ասել է, որ փետրվարի 7-ին կգա արձակուրդ, ասել էր, թե «վեշը» ստացել է: Ինքնասպանություն կատարող մարդը չի ասի, թե կգամ արձակուրդ, պատվոգիր եմ ստացել, ինքը թքած կունենա»,- ասաց Վարդանի մորաքրոջ աղջիկը: «Բանակ չի, անտերություն ա, անտերություն: Հետո էլ ասում են' մեր բանակն ամենազորեղն ա Անդրկովկասում»,- հավելեց ավելի տարեց բարեկամուհին:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության' Վարդանը ինքն իրեն սպանել է զենքով, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանի մոտ զենք չի եղել: «Հրազեն ինքը չի ունեցել: Կապի ծառայող ա եղել»: Հարազատների խոսքերով, Վարդանը նաև խնդիրներ չի ունեցել զորամասում. ամեն դեպքում իրենք նման խնդիրների մասին տեղյակ չեն:

22-ամյա Վարդանն ընտանիքում երրորդ տղան էր, ամենափոքրն էր: Հայր չունի: Հայրը մահացել է ավելի վաղ. նրան զորակոչել ու տարել են Ղարաբաղի սահման' Չոփռլու: Այս առթիվ երեկ պարզաբանում խնդրեցինք Պաշտպանության նախարարությունից, թե ինչպես է, որ միակողմանի ծնողազուրկ զինվորը հայտնվել է իր ծննդավայրից այդքան հեռու: ՊՆ-ից խոստացան պատասխանել այսօր:

Այսպիսով, որքան էլ պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ցուցանիշները տարեցտարի լավանում են, պաշտպանության համակարգը օրըստօրե կատարելագործվում է, «մի-երկու պատահար է գրանցվում», իսկ ՊՆ-ն գումարներ է տրամադրում բանակի մասին սերիալներ նկարահանելու համար, իրական կյանքում շատ բան չի փոխվում: Բանակը շարունակում է մնալ զինվորի կյանքի համար վտանգներով լեցուն: Անկախ պատճառներից և' ինքնասպանություն է եղել, թե սպանություն, կատարվածը փաստում է մի բան. Զինվորի կյանքի իրավունքն ապահովված չէ:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: