Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակության ծրագրերի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել «Երաշտ և բողբոջ» խորագրով ֆոտոմրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ըստ ծրագրի՝ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել մրցույթի համար ստեղծված ինտերնե տային կայքէջոււմ (http://photo.qdk.am):

 

Լավագույն աշխատանքների ընտրության համար ձևավորվելիք հանձնաժողովը կընտրի երկու աշխատանք՝ «Լավագույն կատարում» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերում, ևս 30 լավագույն աշխատանքներ կխրախուսվեն մրցանակներով:

 

Մրցույթի ամփոփումը նախատեսվում է իրականացնել բոլոր մասնակիցների համատեղ երթով դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որի ճանապարհին հատուկ պատրաստված ցուցատախտակների կամ հենարանների վրա կներկայացվեն լավագույն լուսանկարները, ինչպես նաև կկազմակերպվի գեղարվեստական հայտագիր՝ աշակերտական երգչախմբերի ներգրավմամբ: