Լուսանկարնը՝ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Էական տարբերություն չկա՝ ստվերը Հայաստանում կազմում է 60՞, թե՞ 30 տոկոս, քանի որ հարցը, թե որքա՞ն է Հայաստանում ստվերը, կախված է նրանից, թե կոնկրետ ո՞վ է այս կամ այն ճյուղը տնօրինում: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հարկային տեսչության նախկին առաջին նախագահ (1991-1994թթ.), ՆԳՆ նախկին փոխնախարար, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Սուրեն Սահակյանը:

«Իհարկե, ավելի լավ է, որ պաշտոններում նշանակված լինեն «բյուրեղյա մաքրության» տեր, լավ սափրված և 5 բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Բայց իրական Հայաստանի համար սա հեքիաթ է: Կարելի է հավատալ հեքիաթներին, բայց կարելի է նաև հասկանալ, որ երկրում, որի պետական սահմանների 1000 կիլոմետրը ավելի քան քսան տարի ոչ այլ ինչ է, քան խրամատներ, որտեղ ժամանակ առ ժամանակ թշնամական գնդակներ են թռչում, հեքիաթները վտանգավոր են»,- ասաց Սուրեն Սահակյանը՝ ամփոփելով, որ նման երկրում ամեն ինչը պետք է ստորադասվի մեկ կարևորագույն խնդրի՝ երկրի անվտանգությանը:

Ի պատասխան մենաշնորհների մասին հարցի, Սուրեն Սահակյանը հարցրեց.«Եվ ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որպեսզի արդեն քսաներորդ տարին հակամարտող երկրում, ուզո՞ւմ ենք դա, թե ոչ, լինեն միլիարդատերեր: Ես դեմ չեմ ազատ տնտեսական շուկայական հարաբերություններին, բայց նաև պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր միլիարդը բաղկացած է 1000 միլիոնից: Չեք կարծո՞ւմ, որ եթե մեր տասը միլիարդատերերի փոխարեն լիներ տասը հազար միլիոնատեր, ապա Հայաստանը բոլորովին այլ երկիր կլիներ»,- ասաց նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ նրա՝ մի քանի մարդու ձեռքին տնտեսության մենաշնորհային կենտրոնացումը դեպի աղետ ճանապարհ է, որի ուղղությամբ հետևողականորեն ու համառորեն գնում ենք:

Սուրեն Սահակյանի գնահատմամբ՝ վաղուց այս ամենին վերջակետ դնելու ժամանակն է : Իսկ վերջակետ դնելու ճանապարհը մարդու վրա հույս դնելը չէ, այլ միայն համակարգային փոփոխությունների:

Սուրեն Սահակյանի համակարգային փոփոխության տեսլականը՝ տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է: Ասում է, որ համակարգաստեղծ ոլորտների ու ապրանքների (էներգետիկա, կոնյակ, վառելիք և այլն) ներկրման մենաշնորհը պետք է ունենա պետությունը: Պետք են նաև կոշտ հակամենաշնորհային օրենքներ, այլապես կունենանք այն, ինչ ունենք մի՛շտ:
«Ազատական տնտեսության սկզբունքներին կուրորեն հետևելը հանգեցնում է աբսուրդի: Վաղն էլ գուցե որոշեն, որ պետք է ներդնել աղքատության հարկ՝ աղքատներին խթանելու ավելի արդյունավետ աշխատել և հարստանալ»,- ասաց զրուցակիցը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանին պետք է ուժեղ իշխանություն և լեգիտիմ նախագահ, և ի տարբերություն նախորդ ընտրություններին, փետրվարի 18–ի ընտրություններին կունենանք լեգիտիմ նախագահ, ով մինչ այդ բարձրաձայնել էր, որ թիվ մեկ առաջնահերթությունը երկրի և ժողովրդի անվտանգությունն է:

Ըստ Սուրեն Սահակյանի՝ ընտրություններին չմասնակցելու «Բարգավաճ Հայաստանի» և«Հայ ազգային կոնգրեսի» որոշումները գիտակցված քայլ էին և ուղղված գործող և ապագա նախագահի դիրքերի ամրապնդմանը՝ որպես հակազդեցություն, որն անհրաժեշտ է ապագա նախագահի նկատմամբ անխուսափելիորեն կիրառվելիք ճնշումներին դիմակայելու, որոնք կլինեն այլ, այդ թվում՝ դաշնակից երկրներից:

«Դրական գնահատական տանք սրան: Ճիշտ է՝ հիմա ընդդիմության դերում են վերցրել որոշ դեսպանների բլոգները ու կրկին ուսուցանում ու ուղղորդում են մեզ , իսկ ավելի ճիշտ՝ հասկացնել են տալիս. чьи в лесу грибы и шишки: Այն է՝ ով է ջունգլիներում տերն ու տիրակալը: Գուցեև ճիշտ են ասում, բայց պետք է հասկանալ, որ ոչ ոք իր լավը մեր վատի հետ չի փոխի»,- ավելացրեց Սուրեն Սահակյանը, ում ամփոփմամբ՝ քաղաքական շախմատի ժամանակներն անցել է և հիմա բեմ է բարձրանում քաղաքական ծանրամարտը:

«Հիմա մեզ պետք են քաղաքական գործիչներ, որոնք առնվազն ունակ են չընկճվել ծանրաձողի ու պատասխանատվության բեռի տակ»,- նշեց նա՝ ասվածի համատեքստում առաջարկելով ընդունել օրենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է որոշվել միմիայն հանրաքվեով:

«Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչպես են ճնշում գործադրելու մեր նախագահների վրա: Ինչպես նաև քաղաքաշինական հատակագծի առկայության դեպքում՝ գլխավոր ճարտարապետի վրա»,-ասաց Սուրեն Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ իշխանությունների համար հրատա՞պ է Հայաստանի ընտրության հարցը՝ Եվրոպական Միության կամ Եվրասիական Միության առումով, ապա Սուրեն Սահակյանը նախ առաջարկեց համեմատել երկու հարևան երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը: Վրաստանը տարանցիկ երկիր է, Հայաստանը՝ ոչ, Վրաստանն ունի ծով, Հայաստանը՝ ոչ, Վրաստանն ունի ավելի լավ բնակլիմայական պայմաններ: Այս երկու երկրների բրենդային ապրանքանիշներ են. Վրաստան. ցիտրուսազգիներ, թեյ, գինի, «Բորժոմի», Հայաստանինը՝ ծիրան, խեցգետին, հյութեր, կոնյակ:

Այս վիճակագրական ցուցանիշների համատեքստում Սուրեն Սահակյանը հարցնում է. «Ո՞րտեղ են դրանք ավելի լավ վաճառվում՝ Եվրոպայու՞մ, թե՞ Ռուսաստանում: Հայաստանում արձանագրվում է բրենդային ապրանքանիշների աճ, ավելի մեծ, քան Վրաստանում՝ ռուսական շուկայում իրացման հաշվին: Խոստովանում եմ, որ սա մի փոքր պարզունակ մոտեցում է, բայց մինչ այս մենք լսել ենք միմիայն տեսակետ տնտեսական մտավարժանքներ, բայց կոնկրետ արտադրության մարդուն՝ ծիրան աճեցնողին ու խեցգետին արտադրողին չեն լսել, որ թվերով իր մոտեցումները ներկայացնի ու ապացուցի, որ եվրոպական շուկան մեզ համար ավելի բարեկամական է, քան ռուսականը: Միայն կողմ կլինեմ, որ ԵՄ տարածքում հայկական բրենդերը վաճառվեն այնպես, ինչպես Ռուսաստանում: Բայց վստահ եմ, որ դրանց արտադրության կազմակերպիչներն ի վիճակի չեն եվրոպական շուկայում իրացման հարց լուծել»,– ասաց նա:

Այնպես որ, Սուրեն Սահակյանի գնահատմամբ՝ առանց այս վիճակագրության ներկայացման ուղղակի ՌԴ շուկայից հեռանալը կլինի անմտություն: Չհաշված հարցի աշխարհաքաղաքական կողմը, քանի որ երկրի անվտանգությունը նույնպես փող արժի: «Ադրբեջանի համար, ի դեպ, այն այս տարի արժեցել է 3 միլիարդ 700 միլիոն դոլար»,- ավելացրեց նա։

Հայաստանից արտագաղթի վերաբերյալ, ըստ Սուրեն Սահակյանի՝ հիմա չի խոսում միայն ալարկոտը: Բժշկական տերմինաբանությամբ ախտորոշումը կլինի՝ քաղցկեղ մետաստազների տարածման փուլում:

«Եվ քանի դեռ մարդու ստամոքսը դատարկ է, իսկ գլուխը լցված է սպառողական կենսափիլիոսփայությամբ, այս գործընթացը չի ավարտվի»,- ասում է Սուրեն Սահակյանը, ով կարծում է, որ այս պարագայում պետք է բուժել և՛ գլուխը, և՛ ստամոքսը:

Պարտավորություն, որը պետք է լինի պետությանը: Ըստ որում, գլուխը պետք է բուժել և՛ գաղափարախոսությամբ, և՛ անձնական օրինակով: Բայց դեռ չկա ոչ՛ մեկը և ո՛չ մյուսը: