«Մարդու իրավունքների ակումբի հիմնադիր եւ նախագահ Ռասուլ Ջաֆարովը անցյալ տարի օգոստոսին ձերբակալվել էր քաղաքացիական հասարակության ակտվիվիստների դեմ բռնաճնշումնների մեծ ալիքի շրջանակում: Այդ գործընթացները հետ են նետել Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումը: Մենք սաստիկ անհանգստացած ենք ապրիլի 16-ի դատավճռով, որով Ադրբեջանի հայտնի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման: Նրան ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն»:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը:

Նա Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պաշտպանել իր միջազգային պարտավորությունները եւ հարգել սեփական քաղաքացիների իրավունքները:

 

 

«Որպես այդ ուղիով առաջին քայլ իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց հիմնարար ազատություններն իրագործելու համար ձերբակալված Ջաֆարովին եւ մյուսներին: Դա կամրապնդի երկարաժամկետ կայունությունն Ադրբեջանում եւ մեր երկկողմանի հարաբերությունները», -նշել է Հարֆը:

 

 

Ռ. Ջաֆարովին անհապաղ ազատ արձակելու պահանջով հանդես է եկել միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը: «Ռասուլ Ջաֆարովի դատավճիռը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում չեն դադարում քաղաքացիական հասարակության եւ անկախ ձայների հետապնդումները», -այդ առնչությամբ տարածած հյատարարության մեջ նշել է HRW-ը:

 

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իզաբել Սանթոսը զայրույթ է հայտնել եւ դատապարտել Ռ. Ջաֆարովի դատավճիռը շինծու մեղադրանքով:

 

 

«Անցած տարին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների վրա գրոհների ժամանակաշրջան էր: Ներկայիս դատավճիռը կեղծ մեղադրանքների միջոցով Ռասուլ Ջաֆարովին երկար հետապնդման արդյունք է: Այժմ մեզ բոլորիս համար իսկական ժամանակն է հայտարարելու, որ նա հանդիսանում է խղճի բանտարկյալ, եւ, ցավոք, ոչ միակը՝ Ադրբեջանում», -ասել է Ի. Սանթոսը:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի բերանով Ռ. Ջաֆարովի հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը գնահատել է որպես «միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»: