Տաթեւի վանքի երգչախումբը, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ, ապրիլի 12-18-ը Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցել է հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում հանդես եկավ հոգեւոր երգերի կատարումներով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, երգչախումբը ելույթ է ունեցել Աշտարակի Սբ Մարինե, Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց, Օհանավանի Հովհաննավանք, Երեւանի Սբ Երրորդություն եւ Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցիներում, ինչպես նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

 

«Զատկական տոներին հաջորդող այս շրջանում որոշեցինք Քրիստոսի հարության ավետիսի բարի լուրը փոխանցել մարդկանց եւ կազմակերպեցինք այս ուխտագնացություն-շրջագայությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հովանավորությամբ: Ելույթների ընթացքում ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի եւ հայ նշանավոր վարդապետների շարականները, Կոմիտասի մշակումները: Հուսով ենք, որ բոլորը մեծ բավականություն ստացան: Երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով այս օրերն անցկացրին տարբեր սրբավայրերում»,-ասել է Միքայել վարդապետ Գեւորգյանը:

 

Տաթեւի վանական համալիրի երգչախումբը ստեղծվել է 2013 թվականի տարեվերջին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երգչախմբում ընդգրկված են շնորհալի երեխաներ վանական համալիրի հարակից Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր, Սվարանց եւ Խոտ համայնքներից:

 

Երգչախումբն արդեն հանդես է եկել մի շարք եկեղեցիներում: Միքայել վարդապետ Գեւորգյանի ղեկավարությամբ կատարվել են ուխտագնացություններ նաեւ Էջմիածին, Երեւան եւ Արցախ: