Արարատի մարզի տարբեր գյուղական եւ քաղաքային համայնքներում շարունակվում են անցկացվել Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ողջ ապրիլ ամիսը հայտարարել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միամսյակ, որի մեկնարկը տրվեց օրերս' Մարկ Արենի « Վայրի վարդեր» ներկայացման պրեմիերայով: Միամսյակի ընթացքում թատրոնը կհամագործակցի հանրակրթական դպրոցների հետ' դահլիճն անվճար տրամադրելով այդ թեմայով կազմակերպված միջոցառումներին, իսկ թատրոնի ճեմասրահում կբացվի Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը: Կոմիտասյան երգերի ծաղկաբույլով հանդես կգան Արտաշատի Ալեքսանդր Փաշաեւի անվան երաժշտական դպրոցի սաներն ու ուսուցիչները: Բազմաբովանդակ ու բազաբնույթ միջոցառումներ են սկսել կազմակերպվել նաեւ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մանյա Գաբրիելյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մի քանի հետաքրքիր միջոցառումներ էլ նախատեսված են Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնում. ձեռքի աշխատանքների խմբակների սաները մարտին արդեն իսկ պատրաստել են ձեռագործ եւ թղթե անմոռուկներ, տեղի է ունեցել նաեւ ցուցահանդեսի բացում: Ֆրանսախոսների ակումբի սաների ջանքերով մարտին կազմակերպվել է Հայոց Եղեռնին նվիրված գր քի քննարկում: Ապրիլին նկարչական խմբակների սաները կկազմակերպեն հիշյալ թեմատիկայով ցուցադրություններ, երգի խմբակներում' հայրենասիրական երգերի ցերեկույթ:

 

Գաբրիելյանի խոսքով, ուսումնասիրելով մինչ այժմ կազմակերպված միջոցառումները, երեխաները չափազանց ոգեւորված են: «Նրանք մեծ սիրով են մասնակցում միջոցառման նախապարատական աշխատանքներին, էլ չեմ ասում բուն միջոցառումը, որի համար նրանք չեն խնայում ջանք եւ եռանդ»,-ասաց նա, ավելացնելով, որ այս միջոցառումների ընթացքում է հատկապես երեւում, որ մեր նոր սերունդը ոչ թե խնդրողի, խեղճացողի, այլ պահանջատերի դերով է հանդես գալիս, ինչը չափազանց ոգեւորող է:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սեւակյան թեմաներով գրական-երաժշտական միջոցառումների շարք է սկսել նաեւ Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանը: Միջոցառումներ տեղի են ունենում ոչ միայն մարզային, այլեւ մարզի տարբեր համայնքային գրադարաններում, որոնց հյուրերն են լինում Հայաստանի գրողների միության մարզային ներկայացուցիչները, գրականագետներ:

 

Համանուն միջոցառումներ են կազմակերպվում նաեւ մարզի մյուս' Արարատ, Մասիս եւ Վեդի քաղաքների հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում, գեղարվեստի եւ երաժշտական դպրոցներում, գրադարաններում, ինչպես նաեւ գյուղական համայքների մշակույթի տներում: