ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները դիմել են Sony Pictures կինոընկերությանը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու գործում օգնություն ստանալու նպատակով: Այս մասին հաղորդում է The Blaze-ն:

 

WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Սթենգելի և ստուդիայի գլխավոր տնօրեն Մարկ Լինթոնի նամակագրությունը, որում քննարկվել են Ռուսաստանի և ԻՊ-ի տեղեկատվական քարոզչությանը հակազդելու միջոցները:

 

«Ինչպես գիտեք, մենք շատ խնդիրներ ունենք Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» գործողությունների, ինչպես նաև Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայում նրա գործողությունների տեղեկատվության մեկնաբանման հարցում: Երկու դեպքում էլ այդ տարածաշրջաններում միլիոնավոր մարդիկ կան, ովքեր ստանում են իրականության աղավաղված տարբերակը»,- ասվում է Սթենգելի նամակներից մեկում:

 

Ի պատասխան՝ Sony-ի ներկայացուցիչն ուղարկել է իր առաջարկությունները՝ խորհուրդ տալով ներգրավել Disney-ի և Fox-ի մեդիա մասնագետներին:

 

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը ջանքեր է գործադրում' արտասահմանից սպառնալիքներին հակազդելու համար: