Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում ապրիլի 17-ին տեղի ունեցավ Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանի «Իտալիայի հայազգի սուրբերը. Իտալիայում հայկական պատմական եկեղեցիները. Իտալիայի նշանավոր հայերը» թեմայով վարդապետական թեզի պաշտպանությունը:

 

Բանավոր պաշտպանության ներկայացված թեզի ընդդիմախոսն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, իսկ գրախոսը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարգև Բարսեղյանը:

 

Հավարտ բանավոր պաշտպանության քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

 

Ապրիլի 18-ին, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Տ. Թովմա աբեղա Խաչատրյանն ստացավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանները: