Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները ապրիլի 17-ին հանրահավաք են անցկացրել Լոս Անջելեսում Գերմանիայի հյուպատոսության դիմաց՝ կոչ անելով Գերմանիայի կառավարությանը հետևել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ անում Թուրքիային առերեսվել իր բռնի անցյալին: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

 

«Ընդունելով իր սեփական պատմության մութ էջերը՝ Գերմանիան ջանքեր է գործադրել դատապարտելու ցեղասպանությունը Հոլոքոստի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այդ ջանքերի ներքո Գերմանիայի բարոյական պարտքն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փոխարենը Գերմանիայի կառավարությունը հետ քայլ է անում՝ խուսափելով կիրառել «ցեղասպանություն» բառը 1915-ի դեպքերի մասին խոսելիս», - նշել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամ Ջոզեֆ Կասկանյանը:

 

Հայկական երիտասարդական ֆեդերացիան վերջին շաբաթներին ցույցեր է անցկացնում աշխարհով մեկ՝ Գերմանիայի հյուպատոսությունների և դեսպանությունների առջև՝ արդարության, ճանաչման և փոխհատուցման կոչ անելով: