Հանրապետության հրապարակում առավել քան 1500 դպրոցականներ համախմբված ֆլեշ-մոբի միջոցով աշխարհին դիմեցին Թուրքիայում շարունակվող Անի քաղաքի մշակութային ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին անցկացված պարացույց-ֆլեշ-մոբի և մոմավառության մտահղացման հեղինակը և կազմակերպիչն է «Հայ Ասպետ» կրթադաստիարա կչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:

 

«Արդեն յոթերորդ տարին «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման հաղթող թիմերին առաջնորդում ենք դեպի մեր պատմական հայրենիք, ինչն էլ հաղորդման գլխավոր մրցանակն է: Յոթ տարի մենք տեսնում ենք, թե ինչպես Թուրքիան համառորեն շարունակում է իրականացնել մշակութային ցեղասպանությունը՝ մշակութային մեր կոթողների վերանորոգման անվան տակ», - ասաց Կարին Տոնոյանը:

 

Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված երեխաները, և ոչ հեռու կանգնած ծնողները միջոցառումից առաջ հոգևորականի գլխավորությամբ աղոթք հղեցին առ Աստված, որից հետո երեխաները Երևանի սրտում'հրապարակի գորգը վերածեցին հսկա պարահրապարակի: Վերջում երեխաները, ծնողներն ու պատահական անցորդները մոմավառություն կատարեցին Հանրապետության հրապարակի կենտրոնի «գորգի» շրջագծով:

 

Երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Մանե Բաղդասարյանն (ՄանեՄի) առաջին անգամ կատարեց պատմական Անի մայրաքաղաքը փրկելու կոչ-երգը՝ «Դարձի՛ր, իմ Անի» (երաժշտության հեղինակ' ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Մարտին Ահարոնյան, խոսքերինը՝ Կարին Տոնոյան):