Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում ապրիլի 16-ին կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակյնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացրել է Ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան գտած Կալֆայան ընտանիքի երեք սերունդների կողմից ձեռք բերված 14-ից 19-րդ դարերի հայ արվեստի և արհեստագործության եզակի և թանկարժեք նմուշները:

 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ շվեյցարական թանգարան-ինստիտուտի տնօրենի, Կալֆայան ընտանիքի ներկայացուցիչների, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Շվեյցարական լրատվամիջոցների ուշադրությանն է ներկայացվել ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը' ցուցադրել Արևմտյան Հայաստանի աշխարհիկ և կրոնական կյանքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ պատմական հիշողության պահպանման նպատակով: Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սիրիայու մ հայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական եկեղեցիների, այդ թվում նաև' Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավիրմանը: Ընդգծվել է, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համամարդկային մշակութային ժառանգության տարբեր բարձրակարգ նմուշները հաճախ հայտնվում են տարբեր բարբարոսների պատանդի կարգավիճակում, հիշատակվել է Նոր Ջուղայում հայկական հազարավոր խաչքարների վայրենաբար ոչնչացումը:

 

Բացման խոսքով է հանդես եկել Հասմիկ Տոլմաջյանը, ով անդրադարձել է հայ-շվեյցարական ավանդական բարեկամական կապերին, երախտագիտություն հայտնել Շվեյցարիային և շվեյացարացի ժողովրդին Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած մեծ համերաշխության, հազարավոր մազապուրծ հայերին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար, ընդգծել է հիշողության և սեփական պատմության հետ առերեսվելու կարևորությունը ժողովուրդների հաշտեցման և խաղաղ ապագայի համար:

 

Շվեյցարիայում առաջին անգամ ցուցադրվող ճենապակյա և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ձեռագիր մատյանները, կրոնական արվեստի, ձեռագործության բարձրարվեստ նմուշներն ու զարդերը խոսուն վկայությունն են արևմտահայության զարգացած քաղաքային կյանքի և հարուստ կենցաղի, քաղաքակրթությունների և կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանի ակտիվ մշակութային կապերի:

 

Թանգարանում ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը: