Թբիլիսիի Շալվա Ամիրանաշվիլիի անվան Վրաստանի կերպարվեստի թանգարանում ընթանում է «Վրաստանի էթնիկական եւ կրոնական բազմազանությունը» ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ցուցադրանքում ներկայացված են տարբեր նկարիչների 115 աշխատանքներ, որոնք ընդգրկում են 19-21-րդ դարերի ժամանակաշրջանը: Միջոցառումը նվիրված է Ժողովրդական պաշտպանի աշխատակազմին առընթեր գործող Հանդուրժողության կենտրոնի տասնամյա հոբելյանին: Ցուցահանդեսում, մասնավորապես, ներկայացված են գործեր, որոնց հեղինակներն են Մ. Տիլկեն, Կ. Զդանեւիչը, Ս. Փարաջանովը, Ռ. Զոմերը, Ա. Մելիքովը, Լ. Բայախչեւը, Շ. Կոբոշվիլին, Դ. Գվելեսիանին, Գ. Խաչատրյանը, Բ. Ռոմանովսկին, Ց. Շուխաեւը, Վ. Բաբուտովա-Գաբունիան եւ ուրիշներ:

 

Վրաստանի ազգային թանգարանից կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ ցուցադրանքում ներկայացված կտավների մի մասը թանգարանին է փոխանցվել մասնավոր հավաքածուներից:

 

«Առանձնակի ուշադրություն է դարձվում այն նկարներին, որտեղ հեղինակները պատկերում են հին Թբիլիսին: 19-րդ դարավերջի քաղաքի կոլորիտը, նրա հանդարտ ռիթմը եւ աստիճանական վերափոխումը. սա այն է, ինչ հետաքրքրում է այսօրվա հանրությանը, հատկապես այն ժամանակ, երբ շատերն սկսել են մոռանալ մեր երկրի պատմական բազմազգության մասին»,- նշել են կազմակերպիչները:

 

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 28-ը: Մուտքը բոլոր ցանկացողների համար ազատ է: