Լիբանանի ազգային ուժերը և կուսակցությունները «Շաղզոյան» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են տեղական, արաբական և շրջանային վերջին իրադարձությունները:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Հանդիպման ընթացքում նաև խոսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Մասնակիցները դատապարտել են օսմանյան իշխանության կազմակերպած ջարդերը՝ իրենց զորակցությունը հայտնելով իրավազրկված հայ ժողովրդին:

 

Ժողովի մասնակիցները ողջունել են Հռոմի պապի կեցվածքը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ օսմանյան ջարդերն այսօր կրկնվում են Սիրիայում հավատադրժողական ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք վայելում են օսմանյան բռնատիրությունը վերահաստատել ձգտող Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը: Այն բռնատիրության, որ այսօր ցանկանում է վերահաստատվել թուրքական գաղտնի ծառայության ցանցերի կողմից զինվող և ֆինանսավորվող ԻՊ-ի և «Ջաբհա ան նուսրայի» ահաբեկիչների կողմից ծերերի, կանանց և երեխաների արյան ու դիակների վրա:

 

Ավելի վաղ հայ քաղաքական երեք կուսակցություններ ներկայացնող պատվիրակությունն այցելել էր Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին և զեկուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 24-ին Լիբանանում տեղի ունենալիք միջոցառումների մասին:

 

Հանդիպումից հետո ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներակայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարել է, որ պատվիրակությունը վարչապետ Սալամից խնդրել է զորակցություն ցուցաբերել ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումների համար: Պատվիրակությունը նաև կոչ է ուղղել լիբանանյան քաղաքական բոլոր կողմերին հարգել հայության քաղաքական կամքը և հայության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը: