Եմենի Ֆաջ Ատան շրջանում ապրիլի 20-ին Սաուդյան Արաբիայի ռմբակոծության հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆաջ Ատան շրջանի ռմբակոծության հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 12 և վիրավորվել ավելի քան 90 մարդ:

 

«Անսար Ալլահ» շարժման ղեկավար Սեյիդ Աբդ ալ Մալեք ալ Հոուսին կոչ է արել երկրի հարավային նահանգների բնակիչներին իրենց հետ համատեղ պայքարել «Ալ Կադիա»-ի դեմ: Նրա խոսքով, սաուդական օդային ռմբակոծությունների հետևանքով ահաբեկիչներն ամրապնդել են իրենց դիրքերը հարավարևելյան Հադրամաութ նահանգում և սպառնում են Եմենի մյուս հատվածներին:

 

Արաբական աղբյուրների տղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիան Եմենում «Վճռականության փոթորիկ» գործողությունների սկզբից ի վեր ոչնչացրել է շիա ապստամբների ձեռքում գտնվող զինապահեստների ու զինամթերքի 80 տոկոսը: Արաբական դաշինքի ներկայացուցիչ Ահմադ Ասիրիի խոսքով, մեկ օրվա ընթացքում իրականցվել է 106 օդային հարված, որոնց մեծամասնություն ուղղվել է մայրաքաղաք Սանայի, մերձակա տարածքների և Ադեն քաղաքի ուղղությամբ: «Մենք կզրկենք շիաներին երկրում իրենց ուժերը տեղակայելու հնարավորությունից»,- նշել է նա՝ հավելելով, որ նպատակային ոչնչացվել են կամուրջներ, որպեսզի շիաները չկարողանան իրենց ուժերը տեղափոխել:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել է մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: