Հունական խոշորագույն «Aegean Airlines» ավիաընկերությունն այսուհետև կթռչի նաև Երևան։ Ինչպես տեղեկացնում է Times.am գործակալությունը, այսօր վաղ առավոտյան, ժամը 03։15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ընկերության առաջին օդանավը։ Չվերթներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ։ Բայց ավիաընկերությունից վստահեցնում են, որ առաջիկայում թիվն անպայման մեծացվելու է։

 

«Հայաստանի քաղաքացիների համար Հունաստանը հիմնական տուրիստական ուղղություններից մեկն է։ Այդ պետությունում հայ համայնքի թիվը հասնում է մոտ 80.000-ի։ Եթե այս ամենին գումարենք նաև հայ-հունական հարաբերությունների ակտիվությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կրթական և թե՛ սոցիալական այլ ոլորտներում, ապա կարելի է ակնկալել, որ Հայաստանի և Հունաստանի միջև ուղևորափոխադրումը լավ ցուցանիշներ կունենա», - Times.am-ի հետ զրույցում ասել է «Aegean Airlines»-ի ներկայացուցիչ, «Hot Tours» տուրօպերատորի տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը' ավելացնելով, որ ավիաընկերությունն առաջարկում է նաև տրանզիտային ճամփորդության հիանալի հնարավորություններ։
«Aegean Airlines»-ի առաջին չվերթի ուղևորներին «Զվարթնոցում» դիմավորել և ճանապարհել են ավանդական հայկական հյուրասիրությամբ։ Ավիանըկերությունը Հայաստան կթռչի 174 ուղևորների համար նախատեսված Airbus A320 տիպի ինքնաթիռներով։ «Aegean Airlines»-ը 2010 թվականից հանդիսանում է «Star Alliance»-ի անդամ։