Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսն այսօր հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան իր դիմումը՝ Ադրբեջանում կալանավորված ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով: Այս մասին հայտնել է contact.az-ը:

Ինչպես ասվում է Եվրահանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ, այդ դիմումը 2005 թվականի փետրվարից ի վեր 5-րդ է' Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության հարցերով:

«Լեյլա և Արիֆ Յունուսների գործը ցույց է տալիս ճնշումների այն պատկերը, որ վերջին տարիներին առկա է Ադրբեջանում, որտեղ իրավապաշտպաններն օրենսդրական սահմանափակումների միջոցով ճնշումների են ենթարկվում»,- ասված է հայտարարության մեջ:

Լեյլա և Արիֆ Յունուսները մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսելու համար և ազատազրկված են 2014 թվականի ամռանից: Միջազգային հանրությունը նրանց քաղբանտարկյալ է համարում:

Լեյլա Յունուսի ձերբակալության իրական պատճառ է համարվում այն, որ նա պահանջում է ազատ արձակել Ադրբեջանում պահվող ավելի քան 100 քաղբանտարկյալի և այդ հարցով դիմում է ներկայացրել միջազգային կառույցներին: