Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը պատմել է հարցազրույցի մանրամասները, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է նախագահի պաշտոնը զբաղեցնելու 15-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների առիթով, հայտնում է obozrevatel.com-ը:

Սոլովյովը նշել է, որ 1 ժամ 52 րոպեի ընթացքում հասցրել է երկրի ղեկավարին հարցնել ամեն ինչի մասին, այդ թվում՝ չեչենական արշավի, օլիգարխների հետ նրա հարաբերությունների, աշխարհում Ռուսաստանի դերի մասին:

«Սկսած չեչենական արշավից՝ վերջացրած օլիգարխ ընկերներով, իշխանության հանդեպ վերաբերմունքով, ամեն ինչի մասին»,- ասել է լրագրողը ռադիոեթերում՝ նշելով, որ իրենք նախագահի հետ քննարկել են նաև միջազգային խնդիրները, պատժամիջոցները, Ուկրաինայում իրավիճակը։ Սոլովյովը Պուտինին նույնիսկ անձնական բնույթի հարցեր է ուղղել:

«Հարցնում եմ՝ ի՞նչը պետք է զոհաբերել նախագահ դառնալու համար: Ավելի ճիշտ, երբ դառնում ես նախագահ, ի՞նչն ես զոհաբերում: Նա պատասխանել է' «իրականում ամեն ինչ, ընդհանրապես նորմալ կյանք չկա, ահա թե ինչու ես միշտ անկեղծ ասում եմ, որ ինձ բոլորովին դուր չի գալիս նախագահի աշխատանքը»»,- պատմել է լրագրողը:

Հարցազրույցի ընթացքում Պուտինը նշել է նաև, որ հենց դառնում ես նախագահ, գալիս են օլիգարխիկ ընկերներն ու ասում՝ «Դուք հասկանում եք, որ դուք նախագահ չեք: Մենք կկառավարենք երկիրը»: Իսկ Պուտինը պատասխանել է՝ «դե դա կտեսնենք», պատմել է Սոլովյովը:

Նրա խոսքով' Պուտինը շատ ակտիվ զրուցակից է, ունի տեղեկության հսկայական պաշար, շատ արագ արձագանքել է բոլոր հարցերին, սակայն որոշ պատասխաններ տալուց առաջ չի շտապել և երկար խորհել է: