Շաբաթ երեկոյան Օպերայի ազգային թատրոնում Orange Հիմնադրամի աջակցությամբ կայացավ Հայաստանը և Ֆրանսիան ներկայացնող երաժիշտների համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ընթացքում հռչակավոր հայազգի դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հնչեցին հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ: Բացի այդ, մանկական երգչախմբի կողմից առաջին անգամ կատարվեց Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործությունը, որը հատուկ գրվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

 

«Այս տարին մեծ կարևորություն ունի հայ ժողովրդի համար և լինելով հայ հասարակության անդամ՝ Orange-ը, մասնակցում և աջակցում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների: Այսօրվա խորհրդանշական համերգը, որը մայիսին կկայանա նաև Փարիզում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում, այդ միջոցառումներից է և միասնականության, հույսի ու վերածննդի խորհուրդ է կրում», - ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

 

«Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված այս համերգին որոշեցինք ներգրավել երիտասարդ տաղանդների, քանի որ երեխաներն են մեր ապագան ու զորությունը: Անցյալը հիշելով՝ շատ կարևոր է հայացքն ուղղել ապագային և անպայման քաջալերել մեր երիտասարդներին: Այս համերգով մեր երաժիշտների և երգիչների հետ միասին երգով և հայկական ոճով փոխանցելու ենք ամբողջ աշխարհում խաղաղության մեր մաղթանքը » նշեց մաեստրո Փեհլիվանյանը:

 

 

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամը կաջակցի նաև ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Համերգը հասանելի կլինի նաև Սփյուռքի և հայաստանյան հանդիսատեսի համար: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համերգը դիտել ուղիղ հեռարձակմամբ, կարող են այցելել Օպերայի ազգային թատրոն ապրիլի 21-ին, ժամը 21:30-ին: Orange Հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ՝ «Արմենիա » հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի նաև եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին «Արմենիա » հեռուստաալիքով' նաև Հայաստանում: