Եվրամիության արտաքին եւ ներքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում՝ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ կայացած համատեղ խորհրդակցությունում հավանություն են տվել միգրանտների հետ կապված ճգնաժամային իրադրության հաղթահարման համար 10 կետից բաղկացած պլանին, հաղորդում Է «Արմենպրես »-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Պլանը ներկայացվել Է ներքին գործերի գծով Եվրահանձնաժողովի անդամ Դիմիտրոս Ավրամոպուլոսի կողմից եւ ստացել Է հավաքվածների լիակատար պաշտպանությունը:

 

«Այս գործողությունները պահանջում են մեր ընդհանուր ջանքերը ԵՄ-ի գերատեսչությունների եւ (Եվրամիության) 28 անդամ պետությունների կողմից: Մենք այս առաջարկությունները կներկայացնենք Եվրախորհրդի քննարկմանը, որն ապրիլի 23-ին կհավաքվի արտահերթ նստաշրջանի, որպեսզի քննարկի Միջերկրական ծովում ստեղծված իրադրությունը»,- ասված Է Մոգերինիի եւ Ավրամոպուլոսի համատեղ հայտարարության մեջ:

 

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դրամատիկ Է համարել միգրանտների հետ կապված իրադրությունը եւ ընդգծել Է, որ այն վերաբերում Է ամբողջ Եվրոպային:

 

Եվրամիության նախարարների կողմից հավանության արժանացած միջոցառումների ցուցակը ներառում Է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ֆինանսավորման ավելացում, մաքսանենգների նավերի բռնագրավում եւ ոչնչացում, միգրանտների մատնադրոշմների գրանցում, պլանավորվում Է Եվրոպայի ապաստանի տրամադրման հարցերի բյուրոյին (EASO) հանձնարարել՝ աշխատանք կազմակերպել Իտալիայում եւ Հունաստանում ապաստանի տրամադրման միջնորդությունների համատեղ մշակման համար:

 

ԵՄ-ի անդամ պետությունների արտաքին սահմաններին օպերատիվ համագործակցության կառավարման գործակալությունը (FRONTEX) կսահմանի անօրինական միգրանտների արագ վերադարձման նոր համակարգ: Բացի դրանից, պանավորվում Է ստեղծել պաշտպանության կարիք ունեցող մարդկանց վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակներում նրանց կառաջարկվեն բնակության համար որոշակի վայրեր: Լիբիայից գաղթականների հոսքը նվազեցնելու համար ԵՄ-ն նաեւ մտադիր Է այս հարցի շուրջը փոխգործակցությունն ուժեղացնել հարեւան երկրների հետ: