wrestling.am  Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ապրիլի 17-19 կայացած Սամուրղաշև եղբայրների անվան հունահռոմեական ոճի հոբելյանական՝ 15-րդ պատանեկան միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին քսանից ավելի երկրի մարզիկներ, ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալների համար, որոնցից հինգին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին: 46 կգ քաշային Սերգե Սիմոնյանը, անձնական մարզիչ Ալեքսան Հովհաննիսյան, ու 54 կգ քաշային, էջմիածինցի Էդգար Թամազյանը, անձնական մարզիչ Սիմոն Կարապետյան դարձան մրցաշարի հաղթող: Էդգարն, ի դեպ, եզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց նաև այս քաշային կարգում երրորդ տեղ գրաված, Արմեն Առաքելյանի սան Արարատ Մանուչարյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ նաև Արսեն Մակբեցյանի սան, 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ Վարուժան Աղաբաբյանի 76 կգ քաշային սան Արսեն Սարգսյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և բավարարվեց երկրորդ տեղով: