Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունը կամփոփվի համազգային լռության րոպեով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

 

Նրա տեղեկացմամբ' սրբադասման արարողությանը մասնակից են լինելու կաթոլիկ, ուղղափառ, բողոոքական եկեղեցիների շուրջ 80 ներկայացուցիներ: «Ներկա են լինելու անդամներ նաև միջեկեղեցական մեծագույն կազմակերպություններից, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհաին խորհրդի գլխավոր քարտուղարը, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահն ու գլխավոր քարտուղարը: Բաց խորանում է տեղի ունենալու սրբադասման արարողությունը, որն իր հիմնական վերջավորությունն ստանալու է ուղիղ 19:15-ին' որպես 1915 թվականի խորհրդանիշ, այդ ժամանակ նաև համազգային լռության րոպեն է լինելու, որը հոգևոր ճիչով է ուղեկցվելու,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց հոգևորականը:

 

 

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնեց, որ սրբերի հռչակման արարողության ընթացքում կօծվի սրբադասման սրբապատկերը, որը կտրվի հավատավոր ժողովրդի երկրպագությանը: «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ընթացող հանդիսավոր հիշատակության արարողության ժամանակ առաջին անգամ տրվելու է ոչ թե հոգեհանգստի, այլ սրբադասվածների հիշատակության կարգ»,- հայտնեց նա:

 

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ երկրպագության համար սրբապատկերը տեղադրված կլինի նաև Ծիծեռնակաբերդում, ապրիլի 24-ին: Նրա խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում կհայտարարվի Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման մասին, որը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարևանությամբ է տեղակայվելու: