Ազգային ժողովի 5-րդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկեցին: Գրանցումից հետո պարզ դարձավ, որ 113 պատգամավորներից ներկա էր 110-ը, ապա հնչեց օրհներգը, որից հետո մեկնարկեց քառօրյան: Քվեարկության դրվեց օրակարագը, սակայն մինչ այդ Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով, եւ նշեց. «Նախ, ինչո՞ւ մենք օրհներգը կիսատ երգեցինք»: Ապա անդրադարձավ ՀՀ արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաեւ Թեղուտի պղնձամոլիբդենային շահագործման թույլտվության մասին հարցերին: «Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է լինելու, եւ որ ինքն էլ դեմ է»: Զարուհի Փոստանջյանի այս դիտարկումներին, ԱԺ նախագահը արձագանքեց.

«Նախ' Սերժ Սարգսյանը մեր նախագահը չէ, նա բոլորիս նախագահն է, ինչ վերաբերում է ատամնաբույժների հարցերին, ապա պետք է ասեմ, որ արդեն կա նախագիծ, որը կառավարության քննարկմանը կներկայացվի, որից հետո նոր այդ հարցը կքննարկվի»: Հովիկ Աբրահամյանի այս պատասխանը դուր չեկավ Զարուհի Փոստանջյանին, ով ձայնի իրավունք խնդրելով' դարձյալ արձագանքեց. «Եթե նա լիներ հայ ժողովրդի նախագահը, ապա հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները չէին գտնվի այստեղ»: Այդ պահին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը' նշելով. «Ուզեք-չուզեք' Սերժ Սարգսյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է»:

Իսկ թե ինչու օրհներգը պատգամավորները երգեցին կիսատ, հարցի պատասխանը այդպես էլ չտրվեց:

Փայլակ Ֆահրադյան