ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։ 

 

2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս. Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա. Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նշված անձանց մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։ Քննության տվյալներով, մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ. Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով անհիմն վիճաբանել և հարձակվել է Փ. Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա. Մկրտչյանի գոտկային շրջանին և Ս. Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես, ծակած-կտրած թափանցող վերք' աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա. Մկրտչյանի առողջությանը' թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

 

2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ. Սարոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մ.Սարոյանը հայտնաբերվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Մ. Սարոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: