ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությունն Ադրբեջանի կողմից դիվերսիայի մասին փաստացի խոստովանությունից հետո անհասականալի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին տարածած տեսագրությանը նման համոզմունք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Փաստացիորեն Ադրբեջանը խոստովանում է, որ դիվերսիա է կազմակերպել: Ինչո՞ւ չեն արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Չէ՞ որ այդ տեսանյութը փաստացի խոստովանություն է: Նախօրեին իրենց նախարարը Կասպրշիկի ներկայությամբ գլուխ էր գովում: Իսկ այսօր Արդբեջանը խախտում է հրադադարը, դիվերսիայի դիմում, ինչի կապակցությամբ մենք ոչ մի արձագանք չենք լսել ԵԱՀԿ-ի կողմից»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսագրություն էին տարածել, որտեղ ներկայացվում էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենա է պայթեցվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեսագրությանը իսկությունը, սակայն հերքել պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:

 

«Ականի պայթյունի հետևանքով Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը: