ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1915 թվականի սոսկալի իրողության բնութագրման համար կրկին օգտագործել է Մեծ եղեռն եզրը: ԱՄՆ նախագահը միաժամանակ ողջունել է Հռոմի Պապի հայտարարությունը' ընդգծելով, որ հայերը սպանվել են իրենց պատմական հայրենիքում: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը: «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի' 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած' Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունն իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

 

«Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:

 

Օբաման նաև ընդգծել է. «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»»,- մասնավորապես նշել է ԱՄՆ նախագահը:

 

2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ընդունել այն: ԱՄՆ նախագհը, սակայն, մինչ օրս չի կատարել իր նախընտրական խոստումը: