Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայ Առաքելական եկեղեցին որոշեց սիրո և գնահատանքի դրսևորում իրականացնել: Այն սրբադասել է բոլոր զոհերին, որոնց թիվը 1.5 մլն է: Հինգշաբթի տեղի ունեցած արարողությունն այնքան էլ օսմանյան թուրքերի մասին չէր, ովքեր սկսել են կոտորածը 1915 թվականի ապրիլի 24-ին: Դա ոչ էլ ժամանակակից Թուրքիայի մասին էր, որի առաջնորդները դեռևս ժխտում են Ցեղասպանությունը, այլ, ինչպես եպիսկոպոս Բագրատ Գալստյանն է ասել The Guardian-ին հետ զրույցում` «Մենք պետք է ազատենք մեր սեփական ժողովրդին թշնամանքից ու ատելությունից»: Այս մասին իր խմբագրականում գրում է The Christian Science Monitor պարբերականը:

 

Շատ հայեր վերջերս սկսել են անհանգստանալ, որ իրենք երկար ժամանակ աշխարհում միավորվել են ատելությամբ թուրքերի և հատկապես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունում իրենց նախկին կայսրության դերի ժխտման հանդեպ: Մինչդեռ սրբադասման մեջ եկեղեցին տեսել է հնարավորություն՝ ամոքելու հայերին, ինչպես նաև ուղերձ հղել Թուրքիային:

 

Արարողությունը ևս մեկ ազդանշան էր, որ երկու ժողովուրդները, որոնք միասին ապրել են դարեր, կարող են իրենց սրտերում հաշտեցման և, թերևս, երկու ազգերի միջև լարվածության նվազեցման ուղի փնտրել:

 

Քրիստոնյա Հայաստանն ու մեծապես մուսուլման Թուրքիան իրենց սահմանը դեռևս փակ են պահում։ 2009 թվականին նրանք մոտեցել էին կապերի նորմալացման: Անցած տարի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լռելյայն խոստովանել էր հայերի կոտորածը՝ անվանելով դրանք «մեր ընդհանուր ցավ»: Ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է եկեղեցական արարողության անցկացման մասին՝ նվիրված զոհերին, որը տեղի կունենա Ստամբուլում 100-րդ տարելիցին:

 

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքներով` հայերի ավելի քան կեսն աջակցում է սահմանի բացմանը, մինչդեռ 1/3-ը դեմ է դրան: Մոտ 40 տոկոսը դրական է տրամադրված հաշտեցմանը, մինչդեռ 30 տոկոսը դեմ է։ Միայն 9 տոկոսն է հնարավոր համարել, որ Թուրքիան առաջիկա 5-10 տարում կճանաչի Ցեղասպանությունը:

 

Անցած տարի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիային և Հայաստանին առաջարկեց օրինակը, թե ինչպես է իր երկիրը հաշտության հասնել Ֆրանսիայի հետ՝ երկու համաշխարհային պատերազմներից ու ատելության մի քանի տասնամյակներից հետո: «Բարդ դարաշրջանից հետո մենք հաշտվեցինք՝ չլռելով մեր պատմական պատասխանատվության մասին և աշխատելով տեղի ունեցած սարսափելի բաների միջով»,- ասել է նա:

 

Զոհերի մեծարման արարողությունը ևս մեկ քայլ է դեպի անհրաժեշտ հաշտություն: