Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը գտնվել է Հայաստանում: Փորձագետները նշում են ռուսական արտաքին քաղաքականության հաջողություններն այդ ուղղությամբ. Գյումրիի ոճրագործության հետևանքները հաջողվել է մեղմացնել, պահպանել հարաբերություններն ավանդական դաշնակցի հետ և միաժամանակ կարգավորել կապերը Թուրքիայի հետ: Շնորհիվ դրա Մոսկվան շատ ավելի շահեկան վիճակում է հայտնվել, քան ԱՄՆ-ն: Այս մասին գրել է gazeta.ru-ն:

 

Քարնեգիի մոսկովյան կենտրոնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն խոստովանել է, որ մինչ վերջին պահը չի հավատացել, որ Պուտինը կմեկնի Երևան և ռիսկի կենթարկի ռուս-թուրքական հարաբերությունները: Նա կարծում է, որ իր քայլով Պուտինն աշխատում է Հայաստանը Եվրասիական միության ուղեծրում պահել, քանի որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցում տատանվում է:

 

Պուտինի այցն առաջինն է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը փախել էր զորամասից և գնդակահարել Ավետիսյանների ընտանիքը: Թեև այդ դեպքին հաջորդել էին մի շարք ցույցեր, այդ թվում' հակառուսական կարգախոսներով, փորձագետները նշում են, որ Ռուսաստանին հաջողվել է թույլ չտալ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացում:

 

Ինչպես հետխորհրդային տարածքի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է որոշակի խմորում' կապված նրա հետ, որ հասարակության մի մասը կենտրոնացած է Ռուսաստանի հետ ավանդական կապերի վրա, իսկ մյուս մասն արևմտամետ է:

 

Հարկ է նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար որպես ռազմական ֆորպոստ Կովկասում: Այդ պետությունը նաև ԵՏՄ-ի անդամ է:

 

«ԵՏՄ-ն և Հայաստանն ավելի թանկ են Պուտինի համար, քան Թուրքիան: Նա հույս ունի, որ թուրքերը նրա այցին ըմբռնումով կմոտենան, թեև Էրդողանի շուրջ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն նրան: Կցանկանայի կարծել, որ այցը մտածված է, ինչպես և դրա բոլոր հետևանքները»,- վստահ է Մալաշենկոն:

 

ՌԴ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշում է, որ բացի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տարաձայնություններից, Մոսկվան շատ այլ չկարգավորված հարցեր ունի Անկարայի հետ։ Կողմերը համաձայնության չեն գալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Կիպրոսում իրավիճակի կարգավորման և Ղրիմի թաթարների հարցերի շուրջ:

 

Անկախ բոլոր քաղաքական տարաձայնություններից' Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ համագործակցում են արտաքին առևտրի, էներգակիրների, «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում:

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի' Երևանում հիշատակի միջոցառումներին երկիրը ներկայացրել է ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն:

 

«Մարդասիրական և պատմական իմաստով ԱՄՆ-ն երբեք չի հերքել ցեղասպանության փաստը։ Սակայն Սպիտակ տունը չի ցանկանում ճանաչմանը տալ քաղաքական երանգ' Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցն է: Ամերիկա-թուրքական ռազմական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն»,- կարծում է American Studies պորտալի հրատարակիչ Արեգ Գալստյանը: