«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի քաղաքացիներին փաստաթղթերի տրամադրման ծառայությունների համար իրականացվող վճարումների չափը փոփոխության է ենթարկվել այս տարվա հունվարի 12-ից: Տարբեր ծառայությունների համար վճարվող գումարների գները բարձրացել են 250-1000 դրամով' համաձայն ՀԱԱ տնօրենի 2015 թվականի N1-L հրամանի:

 

«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս արձագանքեցին քաղաքացիներն այս փոփոխությանը, ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի վարիչ Սոս Ժամհարյանը պարզաբանեց, որ, իհարկե, այս հարցում բնակիչների դժգոհությունը կա: «Լինում են դեպքեր, երբ որեւէ փաստաթղթի որոնման, տվյալների ձեռքբերման համար աշխատակիցը ծախսում է մի ամբողջ օր, երբ մեզ դիմած քաղաքացին ցանկանում է վերցնել փաստաթուղթ, սակայն, որքան էլ զարմանալի է' մեզ չի տալիս հստակ տեղեկություններ տարե թվերի, բնակության, այդ թվականներին ծավալած աշխատանքային գործունեության վայրերի, եւ այլ տվյալների վերաբերյալ»,-ընդգծեց Ժամհարյանը՝ նկատելով, որ շատ հաճախ քաղաքացիների իրենց իսկ անձնական տվյալների հարցում ունեցած անփույթ վերաբերմունքի պատճառով արխիվային աշխատակիցը կտրվում է բուն արխիվագիտական աշխատանք կատարելուց: Փաստաթղթերի համար վճարման գները փոփոխվում են նաեւ քաղաքացիների պահանջած ժամկետից ելնելով' մեկ օր, երեք օր, թե տասը օր:

 

Չնայած գների թանկացումներին, նախկինի պես գործում է 50 տոկոս զեղչը' հաշմանդամության կարգ ունեցողների, արցախյան պատերազմի զոհվածների կամ վիրավորների ընտանիքների, հայրենական պատերազմի վետերանների համար: Գործում են նաեւ սահմանաված ժամկետում անվճար կետեր' սոցիալ-իրավական բնույթի հարցերի /աշխատավարձի չափի, աշխատանքային ստաժի, երեխաների խնամքի, արձակուրդի մասին տվյալների տրամադրում/ դեպքում:

 

Ամենաթանկ վճարը, որ իրականացվում է արխիվային փատաթղթի ձեռք բերման համար' անշարժ գույքի հետ կապված հարցերն են, երբ տվյալներ են հարկավոր ստացված ժառանգության/ կալվածք, հողամաս, առանձնատուն/ վերաբերյալ: Այս հարցերով դիմելու դեպքում փաստաթուղթը նույն օրը ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 30 000 դրամ, մեկ օրում' 15 000 դրամ, երկու օրում' 12 500 դրամ եւ երեք օրում' 10 000 դրամ:

 

ՀԱԱ-ն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արխիվային տեղեկանքներ է տրամադրում նաեւ որդեգրման, ծագումնաբանական եւ այլ տարաբնույթ թեմաներով, ինչպես նաեւ կազմում տոհմածառեր: Հիշյալ ծառայություններն իրականացվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն տարբերակներով:

 

 

Լիլիթ Մաճկալյան