Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում, մշակույթի տանը, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ իր համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին:

Լրագրողների զարմանքին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը բացատրեց, որ Սերժ Սարգսյանը գործ է արել եւ այդ գործը կիսատ է մնացել, հետեւաբար կարիք կա նրան գործը ավարտին հասցնելու հնարավորություն տալ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ հատկապես ի՞նչ գործ է արել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանն ասաց. «Լավ բաներ կան, շատ բաներ կան: Որ դուք չեք ուզում տեսնել նրա արած գործը՝ դա ձեր խնդիրն է»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Սարգսյանին հիշեցրեց իր մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի կեցվածքը, ով այս ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, ավելին՝ կարծիք էր հայտնել, թե սա ոչ թե ընտրություն է, այլ տունտունիկ: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ եղբայրը իմ եղբայրն է, ես՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով, ազատություն ստացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հնգամյակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ