Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Eurosport-ին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլիստների շուրջ առաջացած իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իզվեստիա» պարբերականը տեղեկացրել էր, թե մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդուն ակումբի ղեկավարությանը հայտնել է՝ նոր թիմ գտնել Մովսիսյանի և Օզբիլիսի համար:

«Դրա մասին ոչինչ չեմ լսել: Ֆուտբոլիստները լավագույն հոգեվիճակում չեն, չնայած ավելի վատ էլ է եղել: Տեսնենք՝ ինչ կլինի հետո: Ռուսաստանի առաջնության ավարտին ապագայի մասին որոշում կկայացնենք: Այդ պատճառով էլ նրանք դեռ կենտրոնացած են ակումբի կազմում ելույթների վրա»,- նշել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օզբիլիսը Մուրատ Յակինին քննադատող հարցազրույց էր տվել ռուսական «СЭ» կայքին:

Իսկ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-«Ռուբին» (1:0) հանդիպումից հետո հրաժարվել էր հետխաղյա հարցազրույց տալուց՝ նշելով ղեկավարության կողմից ԶԼՄ-ների հետ շփման արգելքի մասին: